Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Վաղարշակ Հարությունյանը՝  Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ  այցելել է  Հաղթանակի  զբոսայգի,  ծաղկեպսակներ  դրել  անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: 

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ նրանք այցելել  են Վետերանների միություն՝  հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին:

Հիշեցնենք, որ 80 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչեցին նաեւ մեր հայրենակիցները. անգնահատելի է հայերի ներդրումն ընդհանուր հաղթանակի նվաճման գործում: Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում: