Հունիսի 20-ին տեղի ունեցածն ապօրինի կերպով իշխանազավթման գործընթացի տրամաբանական ավարտն էր։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է հանցավոր իշխանական խումբ, որի պարագլուխը եղել է Նիկոլ Փաշինյանը, և այդ ենթադրյալ հանցախմբի մեջ ներգրավել է նախագահ Արմեն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին։ Նրանք մտածված տապապել են խորհդարանի իշխանությունը և գնացել են իշխանության ապօրինի զավթման»,- նշեց նա։

Էդգար Ղազարյանի կարծիքով՝ եթե Նիկոլի Փաշինյանն ընտրություններին գնար նախկին վարչապետի կարգավիճակով, ապա հինգ տոկոսից ավելի չէր հավաքի։

«Մարդկանց նեղ մտածող զանգվածը շատ քիչ է ընտրությունների վերջնական արդյունք ձևավորելու համար։ Իր ստացած քվեների մեջ կա և վարչական ռեսուրս, և վախի մթնոլորտ, և ապօրինություն, և զինվորականների վրա ճնշում։ Այս պայմաններում ի՞նչ ընտրական ցուցանիշների մասին է խոսքը։ Ընտրությունները միայն արդյունքները չեն, որոնք ամփոփում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նա հինգ տոկոսից բարձր վստահություն չունի։ Սա մեկհոգանոց իշխանություն է, որը մազից է կախված»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։

Ըստ Վայոց ձորի նախկին մարզպետի՝  եթե ընդդիմադիր խմբակցություններն ընդունեն մանդատները, դա կնշանակի լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները։

«Դաշինքների ընտրողները նրանց այդ քվեն չեն տվել, որ նրանք ուղղակի դառնան ԱԺ պատգամավորներ։ Օրակարգը չպետք է թելադրի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Իրենց բոլոր ընտրողների ցանկությունը ոչ թե այն է, որ լինեն այդ օրակարգի մասնակիցներն, այլ այն, որ իրենք լինեն օրակարգ ձևավորող, իսկ այդ օրակարգն այս իշխանությանը վռնդելն է»,- ավելացրեց Ղազարյանը։