Frontex ԵՄ սահմանների վերահսկման գործակալությունն այս տարի Եվրամիության արտաքին սահմանների անօրինական հատումների թվի զգալի աճ է գրանցել: Երեքշաբթի կազմակերպության հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի առաջին հինգ ամիսներին այս մակարդակը 2020 թվականի համեմատ աճել է 47 տոկոսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ նախնական տվյալների՝ 2021 թվականի առաջին հինգ ամիսներին Եվրոպայի արտաքին սահմանների ապօրինի հատման դեպքերի թիվը գերազանցել է 47 100-ը, ինչը 47 տոկոսով գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշը, երբ անկանոն միգրացիան նվազում էր COVID-19-ի բռնկման հետ կապված ուղեւորությունների սահմանափակումների պատճառով: Մայիսին սահմանի անօրինական  հատումների թիվը հասել էր 10.500-ի, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միգրանտների ամենամեծ թիվը գրանցվել է Կենտրոնական Միջերկրածովում: «Այս տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այս երթուղով անօրինական անցումների ընդհանուր թիվը կրկնապատկվել եւ կազմել է ավելի քան 15700 դեպք»,- տեղեկացրել է գործակալությունը:

Միջերկրական ծովի արեւմտյան հատվածում ապօրինի սահմանային անցումներն աճել են 21 տոկոով եւ կազմել ավելի քան 4550 դեպք: Նրանց մեծ մասը ալժիրցիներ եւ մարոկացիներ են:

Սիրիայի եւ Թուրքիայի քաղաքացիներն ապօրինի միգրացիայի համար օգտագործում են Արեւելյան միջերկրածովյան երթուղին: