ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենի կողմից կատարված յուրացման դեպքի  հանգամանքները:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը, 1985-2014թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մեկ միասնական դիտավորությամբ,  ամուսնուն կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար, մինչդեռ նույն ժամանակահատվածում վերջինս, որպես հիմնական աշխատող, աշխատել է մեկ այլ ընկերությունում հնգօրյա աշխատանքային շաբաթով, որի արդյունքում  յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ  հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս ամուսնուն՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: