Մոսկվայում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը պայմանավորված է մի շարք պատճառներով, բայց առաջինը նոր շտամի հայտնվելն է: Այս մասին ասել է Մոսկվայի՝ սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, երբ այդպիսի աճ կա, միշտ պատճառների խումբ է. դա եւ քաղաքացիների անուշադիր վերաբերմունքն է անվտանգության միջոցառումների պահպանման նկատմամբ, առաջին հերթին՝ դիմակներ կրելուն, դա նաեւ պատվաստումների ցածր մակարդակն է: Բայց, իհարկե, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ վիրուսի նոր շտամ է եկել՝ «հնդկական» շտամը»,- ասել է Ռակովան:

«Ինչպես արդեն պարզ է փորձագետներից, այն (հնդկական շտամը - խմբ.) գերիշխում է Մոսկվայում, հիվանդության բոլոր նոր դեպքերի 90 տոկոսը կապված է հենց այդ շտամի հետ: Փորձագետների կարծիքով՝ այն շատ անգամ ավելի վարակիչ է, քան Ուհանի շտամը»,- ասել է Ռակովան: