Բանգլադեշի հայկական եկեղեցում քահանա կամ հավատացյալ չկա: Վերջին ծխականը հինդուիստ պահապանն է, որը կատարում է քաղաքի նախկին առեւտրային վերնախավի մասունքը պահպանելու իր «սուրբ պարտականությունը», գրում է AFP-ն:

Շանքար Գհոշը խաչակնքվում է Դաքայում 240 տարի առաջ կառուցված զարմանահրաշ սպիտակադեղին շենք մտնելուց առաջ: Այն ժամանակ քաղաքում հարյուրավոր հայեր էին ապրում։ Սփյուռքը, որը արմատներով գնում է մինչեւ 16-րդ դար, ի վերջո, վերածվել էր հայտնի առեւտրականների, իրավաբանների եւ պետական պաշտոնյաների:

Այս համայնքի վերջին հայտնի հետնորդը մի քանի տարի առաջ է հեռացել Բանգլադեշից, բայց ոչ շուտ, քան Հայ առաքելական Սուրբ Հարության եկեղեցին վստահել է Գհոշին, որն էլ դրա տարածքում ապրել է իր կյանքի կեսը:

«Ես սիրում եմ այս աշխատանքը: Ես այն համարում եմ ինձ վստահված սուրբ պարտականություն»,- AFP-ին ասել է 61-ամյա տղամարդը:

«Լինի դա եկեղեցի, տաճար կամ մզկիթ, ես հավատում եմ, որ ամեն ինչ մեկ Աստծո համար է»:

Չորս տասնամյակ առաջ Գhոշն աշխատում էր ջութի արտադրամասում՝ տարածաշրջանում հայերի կողմից հիմնադրված ոլորտ, որտեղ նա ընկերացել է եկեղեցին կառավարող ընտանիքի հետ: Նրանց միջոցով նա ծանոթացել է եկեղեցու պահապան Մայքլ Ջոզեֆ Մարտինի հետ, ով Գհոշին հրավիրել է աշխատելու՝ որպես իր օգնական:

Երիտասարդը 1985-ին տեղափոխվել է եկեղեցական համալիր եւ այլեւս այնտեղից չի հեռացել:

«Սա Աստծո տունն է, եւ ես կարծում եմ, որ ոչ մի այլ գործ ինձ ավելի հարմար չէ»,- ասում է Գհոշը:

Նրա 30-ամյա որդին ծնվել է համալիրի տարածքում: Երբ 2014-ին Մարտինը տեղափոխվել է Կանադա, նա իր հովանավորյալին է տվել եկեղեցու բանալիները:

Գhոշը դարձել է եկեղեցու մշտական պահապան այն բանից հետո, երբ Մարտինը մահացել է անցյալ տարի 89 տարեկան հասակում եւ այժմ նրան աջակցում են արտերկրում բնակվող հայերը՝ Լոս Անջելեսի գործարար Արմեն Արսլանյանի գլխավորությամբ, ովքեր սատարում են եկեղեցու աշխատանքներին:

«Գhոշի ընտանիքը հատուկ տեղ է գրավում մեր եկեղեցում»,- ասել է Արսլանյանը AFP-ին:

Գհոշին գրավում է մայրաքաղաքի սրտում հայ համայնքի անունով կոչվող Արմանիտոլա շրջանի անդորրը:

Նեղ եւ ծանրաբեռնված ճանապարհները, շրջապատված բնակելի շենքերով եւ մեծածախ շուկաներով, անցնում ն հենց համալիրի հետեւով: Բայց ներսում ձայնային ազդանշանները մարում են, եւ փոքրիկ այգուց թռչունների երգ է լսվում: Երիտասարդ զույգերն ու ուսանողները հավաքվում են պարտեզի ծառերի տակ՝ ստվերում կիսելով իրենց անձնական պահերը:

Ամեն առավոտ Գhոշը լքում է այն տունը, որտեղ ապրում է իր կնոջ եւ երկու երեխաների հետ՝ եկեղեցու դռները բացելու եւ մոմ վառելու համար:

Նա ոչ դավանաբանական աղոթք է կարդում 400 հայերի համար, որոնք ժամանակին եղել են Դաքայի հայտնի անդամներ, իսկ այժմ թաղված են շենքի հարեւանությամբ գտնվող գերեզմանաքարերի կոկիկ շարքերի տակ:

Մի քանի օգնականներ օգնում են նրան պահպանել եկեղեցին եւ կերակրում են տարածքում ապրող տասնյակ անտուն շներին:

Եկեղեցում մկրտություններ ու շաբաթական պատարագներ արդեն մի քանի տասնամյակ չեն անցկացվել:

Բայց եկեղեցին աշխուժանում է ամեն Զատկին եւ Սուրբ Ծննդին, երբ կաթոլիկ քահանան Դաքայում դեսպանների ներկայությամբ պատարագ է մատուցում:

Գհոշը հաճախ շրջում է գերեզմանաքարերի շուրջը, ամենահները թվագրվում են 1714-ին՝ եկեղեցու կառուցումից մի քանի տասնամյակ առաջ:

Ծաղիկներ դնելով Մարտինի հանգուցյալ կնոջ Վերոնիկայի՝ 2005-ին թաղված վերջին հայի գերեզմանին` Գհոշը հույս ունի, որ նրա ամուսնու աճյունը կվերադարձվի Դաքա: «Նրա տեղն այստեղ է՝ այս հիանալի վայրում»,- ասում է նա՝ հավելելով, թե ինքը նույնպես հույս ունի, որ իր մահից հետո թաղվելու է հողում: «Ես միայն աղոթում եմ, որ ինձ հետ վարվեն այնպես, ինչպես սրանց հետ (գերեզմանների)»: