Ծայրահեղականները 2020 թվականին ձգտում էին գլոբալ համավարակը «ատելության խոսք տարածելու եւ պետական ինստիտուտների նկատմամբ անվստահությունը խորացնելու համար» օգտագործել: Այս մասին նշված է Եվրոպոլի զեկույցում, հայտնում է AP-ն:

COVID-19-ը, ինչպես նաեւ դրա հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը եւ սոցիալական հուզումները «նպաստեցին հասարակության բեւեռացմանը՝ առաջացնելով կոշտ հարաբերություններ, այդ թվում՝ բռնի գործողությունների կոչեր»,- ասված է զեկույցում:

Որպես օրինակէ բերվում Նիդեռլանդներում մի տղամարդու կալանավորումը, որը օրենսդիրների եւ առողջապահական ոլորտի աշխատակիցների «քաղաքացիական կալանքի» կոչ էր անում: Նիդեռլանդների կառավարության մեկուսացման միջոցառումների հակառակորդների կողմից բռնությունը ներառում է քարերի եւ հրավառությունների նետում մի քաղաքապետարան եւ վանդալիզմ COVID-19-ի թեստերի անցկացման վայրերում:

Այս տարի բռնությունները թեժացել են. մարտին հոլանդական ձկնորսական գյուղում ամբոխը հրդեհել էր փորձարարական տարածքը, իսկ մարտին տեղի էր ունեցել պայթյուն, որը վնասել էր Ամստերդամից հյուսիս գտնվող փորձարկման հաստատության ապակիները:

«ԵՄ-ում ահաբեկչության իրավիճակի վերաբերյալ Եվրոպոլի վերջին զեկույցը ցույց է տալիս, որ COVID համավարակի տարում առցանց արմատականացման ռիսկն աճել է: Սա հատկապես ճիշտ է աջակողմյան ահաբեկչության համար»,- հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:

Եվրոպոլը 2020 թվականին հաշվել է, ընդհանուր առմամբ, 57 «ավարտված, ձախողված կամ կանխված ահաբեկչություն» ԵՄ վեց երկրներում եւ 62 «ահաբեկչական միջադեպ»՝ Մեծ Բրիտանիայում: ԵՄ-ում ահաբեկչության հետ կապված ձերբակալությունների թիվը 2019-ից մեկ երրորդով նվազել է՝ հասնելով 449-ի:

Անցյալ տարի ծայրահեղականների հարձակումների հետեւանքով ընդհանուր առմամբ զոհվել էր 21 մարդ, 9-ը՝ Գերմանիայում աջակողմյան հարձակման, եւ 12-ը՝ ջիհադականներից ներշնչված վեց հարձակումների հետեւանքով:

Եվրոպոլը նշել է, որ ջիհադականների բոլոր հարձակումներն իրականացվել են միայնակ, թեեւ նրանցից ոմանք կապ են ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ:

Զեկույցում ասվում է, որ ահաբեկչական գործողություններում պայթուցիկ նյութերի օգտագործումը նվազել է, հավանաբար, COVID-19-ի հետ կապված կարանտինի պատճառով: