Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է, իմ կարծիքով՝ այդ մեղադրանքը որևէ հանցակազմ չի պարունակում և կրում է խիստ քաղաքական բնույթ, քաղաքական տեռոր է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, դատարանից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը:

Չարչյանը վստահություն հայտնեց, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի: «Ես հավատում եմ արդարադատությանը և իմ հավատքի երկրորդ բաղադրիչն այն է, որ ունեմ այնպիսի պաշտպաններ, որոնք լավագույնն են»:

Դւիտարկմանը, որ ՀՔԾ միջնորդության մեջ նշվում է, որ ինքը կարող է խոչընդոտել քննությանը՝ մնալով ազատության մեջ, չարչյանն արձագանքեց. «Բացարձակ դատարկություն է դա: Խայտառակություն է մտածել, որ ես կարող եմ խուսափել: Ինձ ճանաչողները բոլորը գիտեն, որ ես երբեք չեն խուսափել որեւէ բարդությունից, որեռւէ դժվարության առաջ չեմ ընկրկել»:

Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ, որ գործատուն իր աշխատակիցներից պահանջի անպայման մասնակցել ընտրություններին, Արմեն Չարչյանն ասաց. «Դա իմ քաղաքացիական դիրքորոշումն է: Որեւէ հարկադրանք, պարտադրանք իմ գործողություններում չկա: Այ եթե ես պահանջելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, դա արդեն կլինի պարտադրանք»:

Լրագրողները հիշեցրին, որ այդ ձայնագրության մեջ ԲԿ-ի տնօրենը սպառնում է, որ եթե իմանա, որ որեւէ մեկը չի գնացել ընտրության, շատ կոշտ է լինելու նրա նկատմամբ վերաբերմունքը, Չարչյանն արձագանքեց, որ եթե վիրահատության կարիք է եղել ու գումար չեն ունեցել, ինքն ընդառաջել է, բոլորի խնդրանքը հարգել է, եւ բոլորն անվճար վիրահատվել կամ հետազոտություն են անցել. «Իսկ եթե իրենք չեն հարգի իմ հորդորը, ես էլ կոշտ ձեւով չեմ հարգի իրենց: Հաջորդ անգամ յդ խնդրանքը կոշտ ձեւով չեմ հարգի օրենքի սահմաններում»:

Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն Արմեն Չարյանի կողմից իրեն իր ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: Այդ առիթով ՀՔԾ-ում հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Արմեն Չարչյանն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Ավելի ուշ դատարանը բավարարել; էր Չարչյանի պաշտպանների բողոքը եւ նա ազատ էր արձակվել:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու հարցը։