Փիղը հաճախ է հյուր գալիս թաիլանդական փոքրիկ գյուղի բնակիչներին: Նա իր կնճիթը խցկում է պատուհանից ներս՝ հույս ունենալով վայելել կերակրի մնացորդները:

«Նա կրկին եկել է, որպեսզի կերակուր պատրաստի»,- Facebook-ում տեղադրած իր տեսանյութին կից հեգնանքով գրել է Քիթիչայ Բուդչանը, որը նկարահանել է, թե ինչպես է փիղը ներխուժում իրենց խոհանոց:

Վաղ առավոտյան նա գլուխը մտցրել է Քիթիչայի խոհանոց եւ կնճիթով ուտելիք է փնտրում։

Ինչ-որ պահի նա վերցնում է հեղուկով պոլիէթիլենային տոպրակ, կարճ զննում այն, ապա խցկում բերանը:

Քիթիչայը եւ նրա կինը ապրում են արեւմտյան Թաիլանդի ազգային պարկի մոտ՝ լճի ափին, որտեղ վայրի փղերը հաճախ են լողում ջունգլիներում թափառելիս:

Նրանք չեն վախենում փղից, քանի որ նա հաճախ է այցելում իրենց գյուղի տները: Նրա խոսքով՝ մայիսին փիղը փաստացի ոչնչացրել է իրենց խոհանոցի պատը՝ դարձնելով այն բացօթյա խոհանոց:

Այս հանգստյան օրերին նրա միակ գործը սնունդ գտնելն էր: Քիթիչայը ասում է, որ անկոչ հյուրի հետ բախվելիս հիմնական կանոնը նրանց չկերակրելն է: «Երբ նա սնունդ չի ստանում, պարզապես ինքնուրույն հեռանում է»,- ասել է նա AFP-ին:

Վայրի փղերը սովորական երեւույթ են Թաիլանդի ազգային պարկերում ու հարակից տարածքներում, եւ ֆերմերները երբեմն հայտնում են, որ սոված նախիրը կերել է իրենց մրգերը եւ եգիպտացորենի բերքը: