Ներքաղաքական ուժերը եւ նույնիսկ պաշտոնյաները նախընտրական շրջանում փորձում էին տորպեդավորել անվտանգության հարցերն ու խնդիրներ ստեղծել: Դա վերաբերում է նաեւ գերիների հարցին: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նույնը արել են Ադրբեջանի ուժերը: «Մայիսի 27-ից հետո կամ առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց: Այվազյանը՝ լինելով պաշտոնյա, ասում էր մեր գործընկերներին, որ մենք չունենք ականապատ տարածքների քարտեզներ: Նա ոչ թե պարզապես ստում էր, այլ տորպեդավորում էր: Այվազյանը չէր ցանկանում լուծել անվտանգության հարցերը: Նա ավելի շատ ցանկանում էր խնդիրներ ստեղծել մեր քաղաքական թիմի համար: Մի քանի ամիս այդ հարցը չէր լուծվում: Երբ պաշտոնյան հրաժարական տվեց, 2 շաբաթում, երբ նա չէր մասնակցում բանակցություններին , հարցը լուծվեց»,-ասել է նա: