Ես չեմ կարող խախտել իմ երդումը: Այս մասին հունիսի 22-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հրաժարական տալու կոչերին: «Հիմարություն կլինի կարծել, որ ինձ դուր է գալիս այս իրավիճակը եւ որ անձամբ ես շահագրգռված եմ շարունակել պաշտոն զբաղեցնել: Կամ որ կառչում եմ աթոռից: Ես ինձ պատասխանատու եմ զգում մեր սերունդների առաջ: Այնքան պատասխանատու, որ անհեռատես գործողություններով կամ փախչելով չեմ կարող ոչնչացնել մեր պետականությունը: Ես այդպիսին չեմ:

Նրանք խոսում են փախչելու եւ դավաճանության մասին, եւ այն մասին, որ թշնամին կրակ չի բացել նախագահական նստավայրի ուղղությամբ: 44-օրյա պատերազմի ընթացքում ես 38 այց եմ կատարել պատերազմի ամենաթեժ կետեր: Բոլորը, ովքեր առաջնագծում են եղել, գիտեն այդ մասին: Քարվաճառից մինչեւ Եղնիկներ եւ Ջաբրայիլ՝ շփման գծի բոլոր ուղղություններով: Ամեն տեղ եղել եմ: Ասում են՝ շենքի ուղղությամբ կրակ չի բացվել:

Իսկ դուք հարցրեք՝ ես ընդհանրապես այդ շենքո՞ւմ էի, որ դրա ուղղությամբ կրակեին», - ասել է նա: Ըստ նրա՝ ոմանք շահարկում են Հայաստանի ու Արցախի հարաբերությունները: «Պետք է հասկանալ, որ երկու երկրների ղեկավարները պարտավոր են նորմալ հարաբերություններ պահպանել՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին: Առանց Հայաստանի հետ ներդաշնակ աշխատանքի ինչպե՞ս եք պատկերացնում ավելի քան 35 հազար քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը: Այս խնդրի պատճառով Մարտակերտի եւ Շահումյանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկված են մեր երկրում ապրելու հնարավորությունից:

Այսօր յուրաքանչյուր ժամը կարեւոր է, եւ մենք պետք է համախմբվենք այս խնդիրները լուծելու համար՝ անկախ քաղաքական հայացքներից: Հետպատերազմյան շրջանում եւս Հայաստանը կարեւոր դեր է խաղում Արցախի կյանքում՝ բյուջետային հատկացումներից մինչեւ սոցիալական աջակցություն», - հավելել է Հարությունյանը: Ելույթի վերջում նա բոլորին հրավիրել է երթով շարժվել դեպի Եղբայրական գերեզման: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաք է անցկացվում: