Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները փաստորեն պատերազմի եւ խաղաղության հարցերով հանրաքվե դարձան, որի ընթացքում ռազմական ռեւանշի գաղափարին խաղադրույք կատարած ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ ընտրողների լայն աջակցությունը ստանալ: Այսպիսի եզրակացության են հանգել ռուս փորձագետները, որոնց շրջանում հարցում է կատարել «Կոմերսանտ» թերթը։

«Ռուսաստանում շատերի համար այս ընտրություններն անսպասելի ավարտվեցին, սակայն այս անակնկալը պայմանավորված էր կամ կասկածելի հարցումներով կամ մի շարք փորձագետների գնահատականներով, որոնք ավելի շուտ կողմնակից էին քաղաքական ուժերից մեկին, եւ ոչ թե իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն էին տալիս»,- «Ъ»-ին ասել է Հետխորհրդային եւ միջտարածաշրջանային ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գուշչինը: «Ընտրությունները ցույց տվեցին, որ հին վերնախավը եւ նրա առաջնորդները ի վիճակի չեն համախմբել հասարակությունը նույնիսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմում ռազմական պարտությունից դժգոհության ալիքի վրա: Հասարակական բացասական վերաբերմունքը «նախկինների» նկատմամբ, պարզվեց, չափազանց մեծ է, մինչդեռ Փաշինյանի ընտրազանգվածը առավելագույնս մոբիլիզացված էր,- նշել է փորձագետը,- Ընդ որում, առավել կարեւոր է այն, որ Ղարաբաղի խնդրի սրբացումը եւ ազգային ռեւանշի գաղափարը պահանջարկ չունեին հասարակության լայն շերտերի համար, որոնք գերադասեցին այլ առաջնահերթություններ։ Բացի այդ, մեծամասնությունը հասկանում էր, որ արդեն գոյություն ունեցող միջազգային կոնսենսուսի պայմաններում Հարավային Կովկասում եւ Ղարաբաղի շուրջ, թեկուզ եւ փխրուն, իրավիճակը Հայաստանի նոր հին իշխանությունները, նույնիսկ ընտրություններում հաղթելու դեպքում, դժվար թե իրենց օգտին փոխել կարողանային»:

«Հայաստանի ընտրությունները հաստատեցին անցյալ տարվա նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ մշակված տարածաշրջանային ապագա խաղաղության բանաձեւի աջակցությունը»,- ասել է Քաղաքական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովը: «Եթե կարգավորման գործընթացը շարունակվի, Ռուսաստանի համար դա կնշանակի երկարաժամկետ անկայունության պոտենցիալ վտանգավոր օջախը չեզոքացնելու հնարավորություն հարավային սահմաններում: Միեւնույն ժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առճակատման կրճատման կուրսը կդյուրացնի Բաքվին Եվրասիայի ինտեգրման գործընթացներում ներգրավելու խնդիրը»: Այսպիսով, «Հայաստանում ընտրություններից հետո, նոր փուլում, Ռուսաստանի աճող ազդեցությունը կարող է որոշվել ինչպես խաղաղապահներով, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության նախկին կողմերի միջեւ նոր հարաբերությունների կառուցման գործում ավելի ակտիվ դերակատարմամբ»: