ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի հիմնական միջազգային գործընկերն է: Այս մասին Մոսկվայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի խաղաղության աջակցության հարցերով տեղակալ, ՄԱԿ խաղաղության աջակցության գործողությունների վարչության պետ Ժան Պիեռ Լակրուայի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Դա որոշվում է ինչպես համաշխարհային կազմակերպության հազվագյուտ դիրքի, այնպես էլ ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի հիմնական սկզբունքների ու նպատակների համընկնումով, ներառյալ՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը եւ արդյունավետ հավաքական միջոցների ձեռնարկումը՝ խաղաղության սպառնալիքները կանխելու եւ վերացնելու համար»,- ասել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խաղախության աջակցության գործողություններ անցկացնելու դեպքում փոխգործակցությունը համարվում է երկարաժամկետ հեռանկարում ՄԱԿ-ի հետ համագործակցության կարեւորագույն գործնական ուղղություններից մեկը:

Ստանիսլավ Զասը եւ Ժան Պիեռ Լակրուան գնահատականներ են փոխանակել ՄԱԿ-ի պահանջներին եւ ստանդարտներին ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ պրակտիկայի համապատասխանության վերաբերյալ, ներառյալ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներգրավման մեխանիզմի ստեղծումը: Ժան Պիեռ Լակրուայի ուշադրությունը հրավիրվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնագիտական, տեխնիկական եւ անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակի, դրանց կառուցվածքի, կազմի եւ պատրաստվածության կատարելագործման անընդհատ գործընթացի վրա:

Կողմերը երկկողմ գործնական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա արդյունավետ շփումների պատրաստակամություն են հայտնել: