Ավարտվել է  «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քննարկումը, վճիռը կհրապարակվի հունիսի 23-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Քիչ առաջ ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման հարցի քննարկումը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։Դատական ակտը կհրապարակվի 23.06.2021թ. Բավականին լարված եւ ծավալուն քննարկում է տեղի ունեցել»,- գրել է նա։

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (նտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում:

Ըստ ՀՔԾ քննիչի՝ Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։     

Հիշեցնենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։