Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հաջորդական՝ արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների առիթով: Ներքաղաքական գերշիկացած մթնոլորտում՝ հեզասահ ու անցնցում ընտրությունների անցկացումը մեր ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է: Միաժամանակ, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման կարևորագույն ձեռքբերում է նաև այն իրողությունը, որ ամբողջ հանրապետության տարածքով տեղի ունեցավ, թեկուզ թերի, բայց բուռն և իրական նախընտրական քարոզարշավ, վաստակելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն:

Այս առթիվ, շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին՝ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ և համոզված ենք, որ վարչապետին տալով իշխանության նորոգված մանդատ, ընտրողը հստակ պատգամ է ուղարկում առ այն, որ մեր ռազմագերիների տուն դարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, Արցախի խնդրի մշտական և արդար լուծման, Հայաստանի հանրապետության անվտանգության և ապահովության ամրապնդման կողքին, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և կաշառակերության դեմ պայքարը մնում են առաջնահերթություն և 2018 թվականին սկսված գործը պետք է հասցնել ավարտին:

Մյուս կողմից, անընդունելի և դատապարտելի ենք գտնում որոշ քաղաքական գործիչների և մի շարք հոգևորականների կողմից ընտրողների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները, որոնք միայն խորացնում են հասարակության բեւեռացումը, երբ այսօր միակ հրամայականը ներքին լարվածության լիցքաթափումը պետք է լինի: Այդ տեսանկյունից, ողջունում ենք վարչապետի՝ համախմբման ու երկխոսության կոչը և հույս հայտնում, որ դա կլինի առաջին քայլը՝ համերաշխության վերականգնման և միասնական ջանքերով հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման»: