Հուսահատվելու կարիք չկա, մեր պայքարը շարունակվում է, մենք չենք շեղվում մեր պայքարից, մենք մեր հայտարարածխ բոլոր սկզբունքներին մնալու ենք անշեղորեն հավատարիմ, շարունակելու ենք հանդես գալ ընդդիմադիր դաշտում: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, Վանեցյանն ասաց. «Որ ասեմ սպասելի էին արդյունքները, ոչ: Բայց ունենք, այն, ինչ ունենք: Վերջին 2-3 օրերի ընթացքում մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր դաշինքի ակտիվիստների, շտաբների աշխատակիցների նկատմամբ սկսել է ուղղակի տեռոր: Դա նպատակ է ունեցել նվազեցնել մեզ տրվող ձայների քանակը, առհասարակ ստանալ մի իրավիճակ, որ ընդդիմությունն ստանա քիչ քվե: Բոլոր այդ դեպքերի հետ կապված մեր իրավաբանները ուսումնասիրություններ են իրականացնում եւ ըստ անհրաժեշտության կդիմենք դատարաններ»:

Հարցին, թե իրենք վերցնելո՞ւ են մանդատները, Վանեցյանը պատասխանեց. «Եթե որոշում կայացվի, որ Դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, միանշանակ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան եւ շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք սրտի մանդատներ չվերցնելը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար: Այսինքն  եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»: