Մենք ճգնաժամից դուրս գալու ոչ մի քայլ չարեցինք, խորացրինք արդեն առկա քաղաքական ճգնաժամը։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը։

Նրա համոզմամբ՝ ապագայում կստեղծվի իրավիճակ, երբ միջազգային ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա։ «Մեզանից կպահանջեն ստորագրել միջազգային համաձայնագրեր, որոնք իրավական կարգավորման տեսակետից հայերին կզրկեն Ղարաբաղը պաշտպանելու հնարավորությունից։ Հայաստանը կկրճատվի իր չափերով»,- համոզված է Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ ընտրությունները Հայաստանում համոզեցին Ադրբեջանին եւ Թուրքիային այն բանում, որ իրենք, անհրաժեշտության դեպքում, կկարողանան միջամտել եւ ազդել հանրապետությունում ընթացող նախընտրական գործընթացների վրա՝ պաշտպանելով եւ առաջ մղելով իրենց շահերը։ «Ադրբեջանում եւ Թուրքիայում հիմա ասում են. «Մենք միշտ կարող ենք հաղթել Հայաստանի ընտրություններում, եւ եթե ճգնաժամային իրավիճակի ստեղծման անհրաժեշտություն առաջանա, կկազմակերպենք ընտրություններ եւ իշխանության կբերենք հենց այն թեկնածուին, որին ինքներս կցանկանանք»,- ընդգծեց ՀԿ նախագահը։

Թեւան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանում ճգնաժամի պայմաններում չարժեր ընտրություններ անցկացնել, քանի որ դրանք կարող են հանգեցնել միայն ճգնաժամային արդյունքների։ Հիմնական քաղաքական խաղացողները, համոզված է նա, պետք է պայմանավորվեին եւ երկկկողմանի թողնեին երկրի քաղաքական դաշտը՝ տեղ թողնելով ժամանակավոր հակաճգնաժամային կառավարության ձեւավորման համար։ Ընդ որում՝ այդ ընթացքում, ինչպես նշեց ՀԿ ղեկավարը, Հայաստանում գործող քաղաքական ուժերը կկարողանային ավելի լիարժեք նախընտրական քարոզչություն, ագիտացիա իրականացնել՝ ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրային գործողությունները։