Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է մտցվել 50 ֆունտ ստեռլինգ արժողությամբ սինթետիկ պոլիմերից պատրաստված թղթադրամ անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի դիմանկարով։ Այս մասին ասվում է Անգլիայի բանկի կայքում, տեղեկացնում է Gazeta-ն։

Թղթադրամը շրջանառության մեջ է մտել Թյուրինգի ծննդյան օրը։ Գիտնականի աշխատություններն օգնել են կոտրելու գերմանական Enigma ծածկագրող մեքենան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Թղթադրամի վրա ներկայացված են մաթեմատիկական բանաձեւեր նրա հոդվածներից, գծագրեր, որոնք ընկել են ինֆորմատիկայի հիմքում, ինչպես նաեւ մաթեմատիկոսի մտքերն այն մասին, որ «դա կանխավայելումն է այն բանի, ինչ ակնկալվում է, եւ ստվերն այն բանի, ինչ լինելու է»։

Նշվում է, որ նոր թղթադրամն ունի պաշտպանության կատարելագործված միջոցներ եւ ամենահուսալին է Անգլիայի բանկում։ Բացի այդ, դրա վրա կան հատուկ նշաններ, որոնք օգնում են թույլ տեսողությամբ մարդկանց պարզել դրա անվանական արժեքը։

Թղթադրամի թողարկման պատվին Բլեթչլի-պարկում, որտեղ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կենտրոնացած էր ծածկագրերի եւ Առանցքի երկրների կոդերի կոտրման աշխատանքը, փակցվել էր 10 մետրանոց պաստառ նրա դիմանկարով եւ Թյուրինգի մեքենայով, որն օգնեց կոտրել Enigma-ն. պաստառը ծիածանագույն էր ի պատիվ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ամսվա։ Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։