Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ՝ անդրադառնալով Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին։

«Ես այսօր առավոտյան եմ տեղեկացել նման դեպքի մասին, մանրամասներին տեղյակ չեմ: Ես կարող եմ վերահաստատել 2018-ին մեր կողմից բարձրաձայնած բռնության անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքը, եւ այդ սկզբունքը չի փոխվել նույնիսկ այս ընտրություններից հետո»,- նշեց Ավինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավարին և ապօրինաբար պահանջել հրաժարականի դիմում գրել: Գևորգյանի խոսքով՝ Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, ինչից հետո մարզպետարանի շենքում 7-8 հոգով նրան ծեծի են ենթարկել: