Շատ կարեւոր է հասկանալ, թե որ պաշտոններին ինչ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ  պետք է լինեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ պաշտոնյաներ հեռացվել են քաղաքական տարաձայնությունների պատճառով:

«Քաղաքական պաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, որոնք ունեն քաղաքական այնպիսի հայացքներ, ինչպիսին կառավարող ուժինն է, որովհետեւ շատ կարեւոր է, որ քաղաքական պաշտոնների մարդիկ նույն ուղղությամբ տանեն պետական համակարգը եւ պետական քաղաքականությունը մշակեն այն ուղղությամբ, որի մանդատը կառավարող ուժը ստացել է:

Շատ կարեւոր է, թե ինչ պաշտոնների մասին է խոսքը: Եթե խոսքը քաղծառայողների մասին է, որը չի ենթադրում քաղաքական հայացքներ ունենալ, ես համոզված եմ, որ այդտեղ միայն պրոֆեսիոնալիզմն է լինելու սկզբունքը: Իսկ եթե խոսքը քաղաքական պաշտոնների մասին է, ապա այստեղ քաղաքական հայացքներն առանցքային նշանակություն ունեն։ Ես նորից եմ ասում՝ մենք հանդուրժող ենք քաղաքական այլ հայացքներ ունեցողների նկատմամբ, մենք հանդուրժող չենք հանցագործությունների նկատմամբ։ Որոշ մարդիկ սխալմամբ փորձում են ներկայացնել հակառակը, երբ մենք իրականում հանցագործության դեմ ենք անհանդուրժող»,- ասաց Ավինյանը։