Մայիսի 25-ի երեկոյան «Շենգավիթ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի Բագրատունյաց փողոցի 27-ամյա մի բնակիչ: Ախտորոշվել էր հրազենային թափանցող վնասվածք։ Ժամը 19.30-ին այդ մասին հաղորդում ստացվեց ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Երիտասարդը բուժհաստատություն էր տեղափոխվել Բագրատունյաց փողոցից։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց ու դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բակում հայտնաբերվեց տուժողի «ԲՄՎ»-ն։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։ Դեպքի վայր եկան նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ, որոնք զննեցին տարածքը։ Կրակված պարկուճներ չհայտնաբերվեցին։ Վարկած առաջ քաշվեց, որ ինչ-որ մեքենայի սրահից էին կրակել տուժողի մեքենայի ուղղությամբ։

Առաջ քաշված վարկածը հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաստատվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը։ Երևանում բնակվող 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Հունիսի 5-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հայտնաբերման միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց: Հունիսի 21-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։