McAfee հակավիրուսային ծրագրային ապահովման ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆին, ոբ մահացած էր գտնվել իսպանական բանտում, իր թվիթերյան էջին տեղեկություն է թողել իր մահվան հետ կապված։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին հրապարակված հաղորդման մեջ ընկերության հիմնադիրը գրել էր, որ մտադիր չէ ինքնասպանություն գործել։ Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչից գոհ է եւ ընկերներ ունի։

Մաքաֆին նաեւ գրել էր, որ եթե իրեն բաժին ընկնի ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ճակատագիրը, որը մահացել էր ամերիկյան բանտում, դա կլինի «ոչ իր մեղքը»։

Ինչպես գրել է kp.ru կայքը, ամերիկյան եւ բրիտանական հայտնի ծրագրավորողը եւ գործարարը մահացել էր չորեքշաբթի՝ հունիսի 23-ին։ Ջոն Մաքաֆին անցած տարի կալանավորվել էր Իսպանիայում ԱՄՆ հայցով, որում ասվում էր, որ գործարարը տարիներ շարունակ խուսափել է հարկեր վճարելուց, փողերը փոխանցել է ուրիշների բանկային հաշիվներին, ինչպես նաեւ չորս տարի հարկային հայտարարագրեր չի ներկայացրել։ Գործարարի մահվան նախօրեին հայտնի է դարձել, որ իսպանական դատարանը հավանություն էր տվել նրան Նահանգներին հանձնելուն։