Տվերում դատի են տվել տեղի վեց բնակչի 15-ամյա վաղեմության հանցագործության համար։ Այս մասին տեղեկացնում է Տվերի Մոսկովյան շրջանային դատարանը, հաղորդում է Lenta-ն։

Խոսքը այսպես կոչված «Տվերի գայլեր» ավազակախմբի մասնակիցների մասին է, որոնք սպանել էին շանսոնիե Միխայիլ Կրուգին։ Նրանցից երեքը՝ Ալեքսանդր Ագեեւը, Ալեքսանդր Օսիպովը եւ Դմիտրի Բասկակովը, հանցախմբի հաստիքային մարդասպաններն էին, որը գործում էր շրջանի տարածքում 90-ականների սկզբից։

Նրանց մեղսագրվում է 2000-ական թթ. երեք գործարարի եւ չեչենական սփյուռքի քրեական հեղինակության հանդեպ հաշվեհարդարը։ Օսիպովը, Ագեեւը եւ Բասկակովը ընդունել են մեղքը։ Եվս երեքը հանցագործությունների պատվիրատուներն են։ Մեկը սպանության կազմակերպումն ընդունել է մասնակի, երկուսը չեն ընդունում իրենց հանցակցությունը։

Հանցախմբի նոր հանցագործությունների մասին հայտնի է դարձել երգիչ Միխայիլ Կրուգի սպանության քրեական գործի հետաքննության ընթացքում։

Երգիչը սպանվել է 2002թ. հուլիսի 1-ի գիշերը Տվերի իր տանը։ Նա մի քանի հրազենային վիրավորումներ է ստացել, բայց ինքն է հասել հարեւանի տուն, որն էլ նրան տարել է հիվանդանոց, որտեղ էլ երգիչը մահացել է։

Քննության վարկածով՝ «Տվերի գայլեր» կազմակերպված հանցախմբի պարագլուխ Ալեքսանդր Կոստենկոն պատվիրել էր հարձակում Կրուգի տան վրա։ Պլանի համաձայն՝ թալանից հետո երգիչը կդիմեր իրեն օգնության համար, ինչից հետո պարտքի զգացումից դրդված՝ կվճարեր իր համերգների հոնորարների մի մասը։ Բայց երաժիշտն ընտանիքի հետ ավելի շուտ էր վերադարձել տուն, քան սպասում էին կատարողները՝ հանցախմբի անդամներ Ալեքսանդր Ագեեւն ու Դմիտրի Վեսելովը։ Արդյունքում՝ վերջինը կրակել է Կրուգի վրա եւ փախել հանցակցի հետ։ Հայտնի է, որ պատվիրատուն մահացել է 2006թ. «Տվերի գայլեր» հանցախմբի մեկ այլ մասնակցի՝ Ալեքսանդր Օսիպովի ձեռքով, որն այդ կերպ վրեժ է լուծել երգչի սպանության համար։