Honor ապրանքանիշը, որը վերջերս է բաժանվել Huawei-ից՝ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով իրավիճակի պատճառով, նախատեսում է ճկուն էկրանով առնվազն երկու սմարթֆոն ներկայացնել: Այս մասին, հղում անելով ինսայդերներին, գրում է Gizmochina պորտալը:

Այն, որ Honor-ն աշխատում է ճկուն էկրաններով ծալվող սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ, հաստատում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մտավոր սեփականության պետական վարչության (CNIPA) տվյալների բազայի կողմից հրապարակված տեղեկատվությունը: CNIPA կայքը նշում է, որ Honor-ը ապագա սարքերի համար երկու ապրանքանիշի փաստաթղթեր է ձեւակերպել, դրանք կկոչվեն՝ Honor Magic Fold եւ Honor Magic Flip:

Ենթադրվում է, որ ծալվող Honor Magic Fold սմարթֆոնը, որը կբացվի գրքի պես, կհայտնվի 2021-ի երկրորդ կեսին: Բաց վիճակում սարքը նման կլինի փոքր պլանշետի: Honor Magic Fold-ի համար «երկաթե» հիմք կդառնա բարձրակարգ Snapdragon 888 Pro միաբյուրեղ համակարգը։

Honor Magic Flip մոդելը, ամենայն հավանականությամբ, կլինի «բացվող», ինչպես Motorola Razr-ը կամ Samsung Galaxy Z Flip-ը: Սարքի մասին դժվար թե ազդարարվի մինչ 2022 թվականը: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները կանխատեսում են ճկուն էկրաններով ծալվող սմարթֆոնների շուկայի աճ՝ հաջորդ տարի նման սարքերի վաճառքը կարող է գերազանցել 18 միլիոն միավորը (այս տարվա 7,5 միլիոնի դիմաց):