Օմանը հուսով է, որ Իսրայելի նոր կառավարությունը Պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու կոնկրետ քայլեր կձեռնարկի, որի մայրաքաղաքը կլինի Արեւելյան Երուսաղեմում: Այս մասին Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին ասել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է ONA-ն:

Փետրվարին Բուսաիդին հայտարարել էր, որ Օմանը գոհ է Իսրայելի հետ իր ներկայիս հարաբերություններից այն բանից հետո, երբ Պարսից ծոցի մյուս պետությունները, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը, ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնագրերով անցյալ տարի կարգավորել են Իսրայելի հետ հարաբերությունները:

Հաջորդ շաբաթ Լապիդը կմեկնի ԱՄԷ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Պարսից ծոցի երկիր իսրայելցի նախարարի առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Նա կբացի Աբու Դաբիում Իսրայելի դեսպանությունը եւ Դուբայում Իսրայելի գլխավոր հյուպատոսությունը: