Այսօր դատախազության մոտ ակցիայի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից համագործակցության առաջարկ ստացել է, հայտարարեց՝ Աստված չանի նման առաջարկ ստանան. «Նա մեզ համար դիտարկվում է թշնամի»:

Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնք այս օրերին հանդիպում են Փաշինյանի հետ, Հակոբյանը նշեց, որ դա քաղաքական անբարոյականություն է:

Անդրադառնալով նրան, որ որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են, Վահե Հակոբյանն ասաց, որ նրանք դիտավորյալ վերջին թիվը չեն գրանցել արձանագրության մեջ, որի հետեւանքով նվազել է իրենց դաշինքի ձայները, իսկ հետո ասում են վրիպակ է եղել:

«Սյունիքում «Հայաստան» դաշինքը ամենաշատ ձայներն է ստացել: Քաջարանը միակ քաղաքն է, որտեղ դաշինքը հաղթել է գործող իշխանությանը եւ այնտեղ քվեարկել են մեր տվյալներով, շուրջ 15 հազար զինվորական: Դե հիմա դա սաղ հանեք, տեսեք ինչ թիվ է դառնում: Նույն զինվորները քվեարկել են մի քանի ընտրատարածքներում»,-ասաց նա: