Բաքուն ձգտում է Սյունիքում եւ Գեղարքունիքում սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում որքան հնարավոր է շատ զիջումներ պոկել Երեւանից: Հունիսի 24-ին այս մասին Սոչի-Երեւան տեսակամրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Միեւնույն ժամանակ, ռուս պատգամավորը Ադրբեջանի քաղաքականությունը որակել է ոչ ամենախելամիտը, քանի որ հենց ադրբեջանցի զինծառայողներն են թափանցել Հայաստանի տարածք:

«Ընդ որում, նրա առաջնորդը, փաստացի, հարձակումներ է գործում Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա՝ ցուցաբերելով նեղճակատ ազգայնականություն»,- ընդգծել է Զատուլինը:

Խոսելով նախկինում հիշատակված ճգնաժամը լուծելու Ռուսաստանի ջանքերի մասին՝ Զատուլինը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրում է խնդրի լուծման ավելի մեղմ ձեւ՝ փորձելով ազդել բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների վրա: