Մենք հույս ունեինք, որ ընտրությունները հանդարտություն կբերեն մեր ժողովրդին, կլուծվի քաղաքական ճգնաժամը, համերաշխության մթնոլորտ կտիրի ՀՀ-ում, բայց պետք է արձանագրենք, որ մեր անկումը շարունակվում է, իշխանությունները գնում են այդ ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ տարոն տոնոյանը:

«Մենք ոչ թե հավաքվել ենք, որ իրենցից հայցենք ներողամտություն, մեծահոգություն, այլ հավաքվել ենք պահանջելու արդարադատություն իրականացնել: Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետերին կանչում են եւ ասում են՝ դիմում գրեք եւ հեռացելք: Որտեղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում եւ ասում՝ դիմում գրեք, հեռացեք:

Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի  ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաեւ մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տարոն տոնոյանը:

Նրա խոսքով, իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը. «Չի լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած: Արմեն Չարչյանը մեզ համար սիմվոլ է»:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։