Սյունիքի մարզի Ագարակ համայնքի բնակիչ Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ֆեյսբուքյան իր իր էջում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կատարել է բռնության գործադրելու հրապարակային կոչեր:

Քրեական գործն արդեն դատարանում է։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Քրեական գործը քննելու է Սյունիքի մարզի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Խորեն Հովհաննիսյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է.

«Ինքը հերոսների ընտանիքներից վառված է։ Ընդամենը նկար եմ տեղադրել, բան եմ գրել, դրանով մեղադրանք են առաջադրել։ Գրել եմ՝ թուրքի ծրագրով է եկել, մի Սողոմոն թեհլերյան կծնվի եւ այլն։ Ես դա արել եմ, որովհետեւ ինքը միշտ խաբում է ժողովրդին։ Ես ոչ մեկի մահը չեմ ցանկանում, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես է խաբում, չեմ կարողանում լռել»։