Կիպրոսը ցանկանում է, որ Եվրամիության սահմանային Frontex գործակալությունը միջամտի եւ կանխի Թուրքիայից ժամանող միգրանտների հոսքը: Նա նաեւ խնդրում է ԵՄ-ին «օգտագործել բոլոր հասանելի մեխանիզմները», որոնք կօգնեն երկրին հաղթահարել սիրիացիների ժամանումները կամ անմիջապես Սիրիայից ժամանումները, հատկապես Տարտուսի նավահանգստից, կամ Լիբանանից ու Թուրքիայից:

Կիպրոսի ԱԳՆ-ը հայտարարում է, որ հինգ տարի առաջ համաձայնագիրը ստորագրվելուց հետո Թուրքիան չի ընդգրկել Կիպրոսին դեպի ԵՄ միգրանտների հոսքերը դադարեցնելու իր ծրագրում:

Մոտ 1,1 միլիոն բնակչություն ունեցող երկիրը նաեւ խնդրում է ԵՄ-ին օգնել տեղափոխել «զգալի թվով» սիրիացի ապաստան հայցողներին, ովքեր ստացել են միջազգային պաշտպանություն: «Նրանց թիվը հասել է այնպիսի մակարդակի, որ նրանց ինտեգրումը տեղական համայնքներում անկայուն է»,- նախարարությունից ասել են Associated Press-ին:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019 թվականից ծովային ճանապարհով Կիպրոս են հասել 1337 սիրիացիներ, ընդ որում՝ նրանց մեկ երրորդը վերջին երեք ամիսների ընթացքում է ժամանել Կիպրոս:

Կիպրոսի կառավարությունը նաեւ պաշտոնապես ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի ապաստան հայցողների բնակեցման նոր կենտրոն կառուցելու, ինչպես նաեւ ապաստանի մերժում ստացածների համար «մեկնումի նախապատրաստման կենտրոն» կառուցելու համար: