Իսրայելը ԱՄՆ պաշտոնյաների հետ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ փորձել է ազդել Իրանի հետ միջուկային գործարքի հանդեպ Բայդենի վարչակազմի մոտեցման վրա, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին:

Նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի օրոք Իսրայելը գործարքի շուրջ չէր համագործակցում Բայդենի վարչակազմի հետ, բացի այն, որ կտրուկ դեմ էր դրան: Վարչապետ Նաֆթալի Բենեթը եւ նրա նոր կառավարությունը նույնպես դեմ են գործարքին, բայց փորձում են ԱՄՆ-ի հետ փոխգործակցել այս հարցի շուրջ:

«Բենեթը եւ Լապիդը միջուկային գործարքի հարցում համաձայն չեն Բայդենի վարչակազմի հետ: Բայց ի տարբերություն Նեթանյահուի, որը միանգամից մերժել էր այն եւ հրաժարվել, նոր կառավարությունը ցանկանում է փորձել ազդել արդյունքի վրա եւ մանրամասներ է քննարկում Բայդենի վարչակազմի հետ»,- ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:

Նեթանյահուն իսրայելական բոլոր պաշտոնյաներին հրահանգել էր հրաժարվել իրենց ամերիկացի գործընկերների հետ գործարքի մանրամասներն ու դրա շուրջ բանակցությունները քննարկելուց:

Իսրայելցի շատ պաշտոնյաներ պնդում են, որ Օբամայի եւ Բայդենի վարչակազմերի հանդեպ Նեթանյահուի վարած քաղաքականությունը եւ հանրային քննադատությունը միայն մեկուսացնում էին Իսրայելին եւ բանակցությունների վրա ազդելու հնարավորություն չէին տալիս:

Իսրայելի նոր մոտեցումը ի հայտ է եկել կրիտիկական պահի: Իրանի հետ վեց փուլ անուղղակի բանակցություններից հետո, Բայդենի վարչակազմը հույս ունի, որ գործարքին վերադարձ տեղի կունենա ընդամենը մի քանի շաբաթ անց:

Իսրայելի Պաշտպանության ուժերի շտաբի պետ, գեներալ Ավիվ Կոխավին Սպիտակ տանը հանդիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Երկու կողմերն էլ հայտարարել են, որ հանդիպումը Իրանի մասին է եղել, իսկ ՑԱՀԱԼ-ի խոսնակը նշել է, որ Կոխավին շեշտը դրել է գործարքի թերությունների եւ նրա վրա, թե ինչ է կարելի անել դրանց լուծման համար:   
Ակնկալվում է, որ կիրակի Հռոմում արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը առաջին հանդիպումը կունենա պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ:  

Իսրայելցի պաշտոնյաները ակնկալում են, որ Լապիդը կընդգծի Իսրայելի վերապահումները ԱՄՆ-ի՝ գործարքին վերադառնալու վերաբերյալ եւ մի քանի պայման առաջ կքաշի, որոնք, ըստ Իսրայելի, ԱՄՆ-ը պետք է պահանջի Իրանից գործարքի վերականգման շրջանակներում:

Երկուշաբթի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Սպիտակ տանը հանդիպելու է նախագահ Բայդենի հետ: Չորեքշաբթի Ռիվլինը հանդիպել է Բեննեթին եւ Լապիդին՝ համաձայնեցնելու Իրանի մասին ԱՄՆ ուղերձը: 
Հարկ է նշել, որ Իրանի հարցում Բեննեթը նույնքան ագրեսիվ է, որքան Նեթանյահուն, սակայն վերջինս բազմիցս հայտարարել է, որ Բեննեթն այնքան ուժեղ չէ, որ կարողանա հակազդել Բայդենին միջուկային գործարքի հարցում: