«Մենք կապիտուլյանտին մեղադրում ենք ոչ թե եռակողմ փաստաթուղթը ստորագրելու համար, երբ ադրբեջանցիներն արդեն նվաճել էին Շուշին եւ իսկապես շատ մոտ էին Ստեփանակերտին, այլ այն իրավիճակի համար, որ նա ստեղծել է»: Այս մասին BBC ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նա շատ ռազմական գործողությունները դադարեցնելու բազմաթիվ հնարավորություններ ուներ: Միանշանակ։ Սրանք իմ ենթադրությունները չեն: Այս մասին, ինչպես ասացիք, ասվում էր Ռուսաստանի նախագահի հայտարարություններում: Բայց մինչ այդ բավականին կոպիտ սխալներ էին կատարվել: Մենք չենք պնդում, որ ռազմական գործողությունները սկսվել են միայն ու միայն Հայաստանի սխալների հետեւանքով: Ոչ։ Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով, բայց նրա գործողությունները երբեք չէին կարող համարվել օրինական, գոնե միջազգային հանրության համար, համենայն դեպս, ինչպես տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ի դրությամբ:

Եւ փաստորեն միջազգային հանրության արձագանքն այն չէր, ինչ պետք է լիներ: Բայց ի՞նչ տեսանք սեպտեմբերի 27-ին եւ դրանից հետո: Մեկ-երկու վախկոտ հայտարարություններ, որոնք ի վիճակի չեն զսպել Ադրբեջանին եւ հատկապես Թուրքիային: Դրան նախորդել էին ավելի լուրջ սխալներ: Թույլ տվեք ասել՝ ծանր հանցագործություններ, որոնք կատարվել են իշխանության գալուց անմիջապես հետո: Նրանք սկսեցին վարկաբեկել բանակը, այսինքն՝ հասցնել նրան համարյա անկազմակերպության: Նրանց թվում էր, որ մարտական գործողություններ չեն լինի, քանի որ իրենք ժողովրդավար են, քանի որ իրենք, ինչ ասեմ, վայելում են ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իրենքք լեգիտիմ են եւ այլն: Ո՞վ կարող է համարձակվել հարձակվել մի երկրի վրա, որը ծայրահեղ ժողովրդավարական եւ լեգիտիմ իշխանություն ունի: Իսկ մյուս՝ հարձակվող կողմը, ինչպես հետո ասում էր, բռնապետություն: Դրան հաջորդեց կոպիտ սխալը: Ոչ միայն (Փաշինյանի խոսքերը). «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Խոսքը այս հայտարարության մասին չէ: Այլ այն հայտարարության, որ ինքը բանակցություններ չի վարի, քանի դեռ Ղարաբաղը չի մասնակցում դրանց: Որքան տհաս պետք է լինել, որպեսզի չհասկանալ, որ նա այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առջեւ: Քանի որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները հինգ հայտարարություն են արել, որոնցում խոսել են ինչպես սկզբունքների, այնպես էլ ձեւաչափի մասին: Եւ ակնհայտ էր, որ Ղարաբաղը չի կարող դառնալ բանակցությունների լիարժեք կողմ: «Լիարժեք» ասելով նկատի ունեմ իր դրոշով ու նախագահով: Դա բացարձակ անհնար էր: Այնուհետեւ, ինչպես իրենք են անվանում, հաղթական ռազմական գործողությունները (2020-ի ամռանը), իսկ իմ կարծիքով՝ կործանարար գործողությունները, որոնք պարզապես քշեցին Ադրբեջանին անկյուն, եւ Ադրբեջանն, իհարկե, պետք է ինչ-որ բան աներ»:

«Մենք շատ դինամիկ եւ կառուցողական բանակցություններ ենք վարել: Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել «ոչ մի թիզ հող» գաղափարին հավատարիմ մնալու կամ բանակցային գործընթացը դիտավորյալ ձգձգելու մեջ: Ոչ մի դեպքում ինձնից չէիք կարող լսել այն խոսքերը, որ մենք երբեք չենք վերադարձնի այս հողերը: 2000-ականներին, նույնիսկ խորհրդարանի ամբիոնից, ես հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ: Մի՞թե դա կարելի էր ավելի բաց արտահայտել: Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել այդ հարցը, որպեսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք: Ես չէի մտածում իմ վարկանիշի կամ պատմության մեջ մնալու մասին: Ես մտածում էի խնդիրը լուծելու մասին: Եւ ես անկեղծորեն ասում եմ, ես բոլորին ասել եմ եւ ձեզ էլ կասե, որ ես մնացի վարչապետ՝ ընդառաջ գնալով իմ գործընկերների կոչերին: Միայն եւ միայն հանուն նրա, որ բանակցային գործընթաց հասցնեմ այն կետին, երբ հարցի լուծումը կախված չէ գլխավոր բանակցողի փոխարինումից: Բայց, ցավոք, դա ինձ չհաջողվեց»:

Հարցին, թե սպասո՞ւմ էր, որ 2018-ին ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, եւ հենց այդ պատճառով էր մնում իշխանության գլուխ, Սարգսյանը պատասխանել է. «Այո»։ Հստակեցմանը, թե ինչ կարելի էր ակնկալել, նա պատասխանել է. «Ադրբեջանցիներն, իհարկե, պետք է ընդունեին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտմամբ, որը, անշուշտ, պետք է իրավական ուժ ունենա, եւ որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում: Առանց կամքի ազատ արտահայտման օրը նշելու: Սա կլիներ մեր նվազագույն շեմը: Մենք պարտավորվել էինք հինգ շրջաններ վերադարձնել Ադրբեջանին: Երկու շրջանների վերադարձը սերտորեն կապված էր, բացառությամբ այն միջանցքի, որն ապահովում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։

Հանրաքվեի օրը կգային խաղաղապահ ուժեր, եւ մենք կսկսեինք հաշտեցման ինչ-որ գործընթաց: Նախագահ Ալիեւը գործնականում համաձայն էր սրա հետ: Քանի որ Ադրբեջանի նախագահը 2016-ի աշնանը՝ ապրիլյան իրադարձություններից հետո, հայտարարել էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Սա մեկ։ Եւ երկրորդ, 2020-ի պատերազմից հետո, երբ նա գտնվում էր Լաչինի շրջանում, նա ասել էր, թե ենթադրվում է, որ այս երկու շրջանները՝ Լաչինը եւ Քարվաճառը, կմնան հայերին: Սրանք նրա խոսքերն են: Կրկնում եմ՝ Ալիեւը կարող էր չհամաձայնել: Բայց դրա համար գոյություն ունի միջազգային հանրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ, ի դեպ, բանաձեւի նախագիծ էր պատրաստվել․․․»,- նշել է նա։