Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Դրական գնահատական ​​է տրվել հրադադարի եւ ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործողություններին: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական կատարումը: Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում` հօգուտ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Սիրիայում կարգավորման խնդիրները քննարկելիս՝ ընդգծվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի զինված ուժերի համատեղ գործունեության կարեւորությունը` կանխելու համար Իդլիբում եւ երկրի հյուսիս-արեւելքում լարվածության աճը, ինչպես նաեւ շրջաններում մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում:

Վլադիմիր Պուտինը նաեւ կիսվել է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ Ժնեւում վերջերս կայացած բանակցություններից ստացած տպավորություններով:

Էրդողանը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու՝ ռուսական կողմի ընդունած որոշման կապակցությամբ, ինչպես նաեւ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մեկնարկի համար: