ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը միացել է նորաստեղծ Turkish Democracy Project («Թուրքական ժողովրդավարություն» նախագիծ) խորհրդատվական խորհրդին։

«Եկել է Թուրքիայի մասին ահազանգելու ժամանակը»,- գրել է Բոլթոնը Twitter-ում: «Ավտորիտար առաջնորդի օրոք ՆԱՏՕ-ի երբեմնի հուսալի դաշնակիցը երես է թեքում ժողովրդավարությունից եւ մոտենում է Ռուսաստանին: Ուրախ եմ միանալ Turkish Democracy Project-ի խորհրդատվական խորհրդին` մռայլ իրավիճակի վրա լույս սփռելու համար»:

Խորհրդատվական խորհրդի մյուս անդամների թվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը եւ Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Տերցի դի Սանտ'Ագաթան:

Ջոն Բոլթոնը զբաղեցնում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Հետագայում նա քննադատեց իր նախկին ղեկավարի սերտ հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտարարելով, որ Թրամփը սիրում է «անձնական ծառայություններ մատուցել իրեն դուր եկած բռնապետներին»: