Ճապոնական Panasonic կորպորացիան 2020թ. ֆինանսական տարեվերջին (ավարտվել է 2021թ. մարտի 31-ին) վաճառել է ամերիկյան Tesla ընկերության իր բաժնեմասը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nikkei-ին։

Նրա տվյալներով՝ հասույթի գումարը, որն ստացել է ճապոնական կորպորացիան Tesla-ի բաժնետոմսերի վաճառքից, հայտնի չէ, բայց կարող է կազմել 380 մլրդ իենի (3,4 մլրդ դոլար) պատկառելի մասը, որը կորպորացիան ստացել է անցած ֆինանսական տարի այլ ընկերություններում ակտիվների վաճառքից։ Որպես Tesla-ի բաժնետոմսերի վաճառքի հիմնական պատճառ նշվում է Panasonic-ի ձգտումը՝ ավելացնել շահույթը եւ ստանալ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այլ ընկերություններում ներդրումներ անելու համար։

Panasonic-ը 2010թ. ձեռք էր բերել Tesla-ի 1,4 մլն բաժնետոմսեր՝ 2,4 մլրդ իեն (21,8 մլն դոլար) ընդհանուր գումարով։

Tesla-ն հիմնադրել է գործարար Իլոն Մասկը 2003թ.։ Ընկերության կենտրոնատեղին Պալո Ալտո քաղաքում է (Կալիֆոռնիայի նահանգ)։ Սկզբում ընկերությունը մասնագիտանում էր բացառապես էլեկտրամեքենաների արտադրության մեջ, բայց ավելի ուշ սկսել է զբաղվել նաեւ արեւային մարտկոցների եւ այլ էներգակուտակիչ համակարգերի ստեղծմամբ։