Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Մինսկն աստիճանաբար գործի կդնի պատասխան քայլեր ԵՄ պատժամիջոցներին։

Եվրամիության տնտեսական պատժամիջոցները Բելառուսի դեմ ուժի մեջ են մտնում ուրբաթ։ Նախօրեին ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունեց նոր սահմանափակիչ միջոցներ Մինսկի դեմ՝ «որպես պատասխան Բելառուսում մարդու իրավունքների կոպիտ խախտումների սրման, քաղաքացիական հասարակության, դեմոկրատական ընդդիմության եւ լրագրողների ագրեսիվ հետապնդումների, ինչպես նաեւ Մինսկում 2021թ. մայիսի 23-ին Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի»։

«Բելառուսը չի պատրաստվում լուռ հետեւել այս ամենին։ Առաջիկա շաբաթներին աստիճանաբար գործի կդրվեն պատասխան միջոցներ, որոնց մասին քանիցս հայտարարել ենք»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարությունում՝ ԵՄ-ի կողմից հանրապետության հանդեպ նոր տնտեսական պատժամիջոցներ մտցնելու հետ կապված։ Հայտարարության տեքստը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Նախարարությունում ընդգծել են, որ «վաղուց ժամանակն է, որպեսզի եվրոպացի քաղաքական գործիչներին բացատրվի. ճնշումը եւ պատժամիջոցները այն լեզուն չեն, որով պետք է խոսել Բելառուսի հետ»։ «Ընդ որում՝ մենք մնում ենք բաց իրավահավասար երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության համար նրանց հետ, ովքեր Բելառուսը գործընկեր են համարում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նկրտումների եւ փորձարկումների օբյեկտ»,- ասվում է հայտարարությունում։

Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մինսկի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները նպատակ են դնում խափանել ինքնիշխան պետությունը, որն ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում։

«Կա միայն նպատակ՝ քայքայել եւ խափանել ինքնիշխան եւ անկախ պետությունը, որն ինքնուրույն արտաքին եւ ներքին քաղաքականություն է վարում բելառուս ժողովրդի իրական շահերի հիման վրա։ Որոշումներն ընդունվել են այնքան հապճեպ եւ չպատճառաբանված, որ ԵՄ երկրների ղեկավարությունն անգամ հարկ չի համարել սպասել գոնե ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) եզրակացությանը»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարությունում հանրապետության հանդեպ ԵՄ նոր տնտեսական պատժամիջոցներ մտցնելու հետ կապված։

ԱԳՆ կարծիքով՝ «ակնհայտ է, որ ի հաշիվ մեր համեմատաբար ոչ մեծ երկրի իր հավակնությունները բավարարելու ձգտման մեջ հսկայական Եվրամիությանը բնավ չի հետաքրքրում միլիոնավոր բելառուս աշխատավորների, արհմիությունների աշխատողների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական միավորումների կարծիքը, որոնք իրենց հստակ եւ միանշանակ անհամաձայնությունն են հայտնել ԵՄ անախորժ պատժիչ քաղաքականությանը»։ «Եվրոպական առաջնորդները չեն ցանկանում լսել այդ ձայնն այնպես, ինչպես չեն ցանկանում լսել նաեւ սեփական քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների ձայնը, որոնց մի մասն արդեն գտնվում է սնանկացման շեմին իր ղեկավարության այսպիսի քաղաքականության պատճառով»,- ընդգծվում է հայտարարությունում։