Հունիսի 25-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում ոստիկանության համակարգին առնչվող 2 հարց էր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ից:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է մայիսի 21-ին: Նախագծով առաջարկվում է՝

ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ պետության քաղաքացի,

ոստիկանության գլխավոր կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության նախագահին,

ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանել տարիքային ստորին շեմ՝ 18 տարեկան, հստակեցնել ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները,

թափուր պաշտոնները համալրել մրցույթային կարգով և կարգավորել մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները,

ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացնել ոչ թե պարտադիր, այլ անհրաժեշտության դեպքում,

բարձրացնել ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումների վերին շեմերը՝ որոշ խմբերում (ոստիկանության պետի համար ավելացվող ծառայության ժամկետը 3-ից դարձնել 5 տարի, գլխավոր խմբի համար՝ 60-ից դարձնել 62 տարեկանը):

Մի շարք իրավակարգավորումները հստակեցնելու, ինչպես նաև նոր ընթացակարգեր, պայմաններ և սահմանափակումներ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Ոստիկանության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Նախագծով առաջարկվում է՝

օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը:

մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով:

Նախագծով սահմանվում են հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:

ԱՀ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը հիմնավորեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, որից հետո պատասխանեց պատգամավորական հարցադրումներին:

Նախագծերը քվեարկության դրվեցին:ԱԺ պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին: