Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 25–ին,  հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի, բեմադրիչ եւ պրոդյուսեր Նորա Արմանիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է հայտնի դերասանուհուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում:

«Մեր երկրի հարստությունը մեր ժողովուրդն է՝ անկախ նրանից, որտեղ է բնակվում: Մենք պետք է կարողանանք այդ հարստությունը, այդ հսկայական ներուժը լիարժեք օգտագործել ի շահ մեր երկրի զարգացման»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին:

Տիկին Արմանին մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը ինձ համար պարտավորվածություն է: Սա նշանակում է, որ հիմա ես շատ ավելի լուրջ եւ շատ ավելի խոր ձեւով պետք է ծառայեմ հայրենիքիս»,-ասել է նա: