Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ, Գեորգի Արշակի Հարությունյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան էջում:

«Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ, ՀՖԿՍՊԻ լավագույն բարեկամ, Գեորգի Արշակի Հարությունյանը: Նա անվանի հանդբոլիստ էր, սպորտային բժշկության մասնագետ: Հանրապետության բազմակի չեմպիոն: ԽՍՀՄ առաջնությունների և մրցաշարերի մասնակից, սպորտի վարպետի թեկնածու: 1980-1983թթ.՝ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ:

1957թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1958-2007թթ. աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական հսկողություն և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնում, 1975թ.՝ նույն ինստիտուտի սպորտային բժշկության և վերականգնողական ամբիոնի վարիչ: Պրոֆեսորը եղել է ստոմատոլոգիական, մանկաբուժական, սանիտարահիգիենիկ ֆակուլտետների դեկան: 1975-2000թթ.՝ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն էր սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի հարցերով: Տարիներ շարունակ նա նաև աշխատել է բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի և գիտքարտուղարի պաշտոնում: Գիտական գործունեությունը նվիրված է սպորտային բժշկության, բուժական ֆիզկուլտուրայի, ռեաբիլիտացիայի, մանկական սրտաբանության, ֆիզիկական դաստիարակության հարցերի ուսումնասիրությանը: Ավելի քան 100 աշխատությունների հեղինակ է:

Հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 27-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 28-ին՝ ժամը 11.00-12.30-ից՝ նույն եկեղեցուց Կարմիր Բլուր գերեզմանատանը»,- նշված է հաղորդագրությունում: