Հայկ Մարությանն ընտրությունների ընթացքում, դրանից առաջ զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ՝ իրացնելով այն մանդատը, որն իրեն տվել են Երևանի բնակիչները։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որ նախընտրական փուլում Մարությանն իշխող թիմին հանրային աջակցություն չցուցաբերեց։

Արայիկ Հարությունյանի դիտարկմանն ի պատասխան, որ 2018 թվականին Հայկ Մարությանի ստացած քվեների մեծ մասը ներկայիս կառավարությանն է, Կարապետյանը նկատեց, որ դա շատ հանրահայտ փաստի արձանագրում է։

«2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններին հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Բնական է, որ հեղափոխական թիմը հեղափոխությունից հետո առաջին ընտրություններին մասնակցել և հաղթել է շատ նկատելի առավելությամբ»,- ասաց Հակոբ Կարապետյանը։