Ադրբեջանում հայ գերիներից ռուս խաղաղապահների դեմ ցուցմունքներ են կորզում: Համապատասխան «ցուցմունքները» հրապարակվել են գերեվարված հայերի դեմ շինծու գործով դատական նիստում:

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի իշխանությունները անտեսում են իրենց անմիջական պարտավորությունները եւ պահում են ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Հիշեցնենք, որ դա արվում է հայկական կողմի վրա ճնշման լրացուցիչ լծակներ ունենալու, մե՛կ ականապատ դաշտերի քարտեզները պահանջելու, մե՛կ զորքերի դուրսբերումը կամ այլ բան պահանջելու համար: Այժմ Ադրբեջանի իշխանությունները որոշել են գերեվարված հայերին օգտագործել հակառուսական քարոզչության համար:

«Հունիսի 29-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է նախորդ տարվա դեկտեմբերին գերեվարված 14 հայ զինվորականների գործի լսումը:

...

Մասնավորապես, ամբաստանյալ Գեւորգ Ասերտյանն ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 27-ին Գյումրիի զինկոմիսարիատից իրենց խմբերը ավտոբուսներով բերվել են Լաչին: Այնտեղ փոխգնդապետ Արսեն Գազարյանը խոսել է ռուս խաղաղապահների հետ, եւ թույլատրել են, որ ավտոբուսն առանց ստուգման անցնի, ասել է ամբաստանյալը:

...

Խմբի մեկ այլ անդամ՝ Վոլոդյա Հակոբյանը, նույնպես ասել է, որ ինքը Գյումրիից ժամանել է Լաչին, որտեղ նրանց ներս են թողել ռուս խաղաղապահները: Նա կրկնել է իր նախորդի վկայությունը, որ ինքը մի քանի օր դիրքերում է եղել, ապա իջնելու հրաման է ստացել եւ գերի է ընկել: «Մենք 60 հոգի էինք, եւ մենք հանձնվեցինք՝ զենքերը վայր դնելով»,- ասել է նա:

...

Մեկ այլ ամբաստանյալ՝ Մկրտիչ Մինասյանը, ասել է, որ ռուս խաղաղապահներն են իրենց թողել Լաչին,իսկ հայ սպան հրամայել է դիրքեր գրավել լեռներում: Նման ցուցմունքներ են տվել եւս մեկ ամբաստանյալ՝ Յուրի Կարապետյանը, եւ մյուսները»,- հայտնում է Turan-ը: