Մեծահասակներից շատերի մոտ կարող է երեխաների նկատմամբ սեռական հետաքրքրություն առաջանալ, եթե տեխնոլոգիական արդյունաբերությունը լրջորեն չզբաղվի իր հարթակներում չարաշահման մասշտաբներով: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր կոնստեբլ Սայմոն Բեյլին, հայտնել է PA-ն:

Նրա խոսքով՝ խոշոր սոցիալական ցանցերը բավականաչափ ներդրումներ չեն կատարում տեխնոլոգիաների մեջ, որպեսզի մանկապիղծները չկարողանան համացանցում պատկերներով կիսվել:

Երեխաների պաշտպանության՝ ոստիկանապետերի ազգային խորհրդի ղեկավարի եւ Նորֆոլկի ոստիկանապետի պաշտոնում վերջին օրը Բեյլին Facebook-ը անվանել է մտահոգության հիմնական աղբյուր՝ ընկերության՝ «վերջից վերջ» (End-to-end encryption) կոդավորումը գործի դնելու ծրագրերի հետ կապված:

 «Եթե տեխնոլոգիական արդյունաբերությունը լրջորեն չվերաբերի այս ամենին, ապա կտեսնենք պատկերների քանակի էքսպոնենցիալ աճ, երեխաների նկատմամբ շարունակական բռնություն եւ, ցավոք, գնալով ավելի շատ մարդիկ, ովքեր սեռական հետաքրքրություն կցուցաբերեն երեխաների նկատմամբ», - ասել է Բեյլին:

Նրա խոսքով՝ Facebook-ը «անպարկեշտ պատկերներ փոխանակելու համար ամենահաճախ օգտագործվող հարթակն է, եւ, այնուամենայնիվ, նրանց «վերջից վերջ» կոդավորման պատճառով նրանք այժմ դիտավորյալ աչք են փակում նրա վրա, թե ինչ է կատարվում իրենց հարթկաներում»: «Facebook-ը կարող է փոխել այս ծրագրերը, սակայն այս պահին չեմ հավատում, որ նրանք մտադիր են դա անել»:

Բեյլին ասել է, որ Մեծ Բրիտանիան վերջին յոթ տարիների ընթացքում «աշխարհում առաջատարն է» համացանցում չարաշահումների դեմ պայքարում, սակայն զգուշացրել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, քանի որ թվերը շարունակում են աճել:

Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատկերների՝ ոստիկանության բազան պարունակում է երեխաների սեռական բռնության շուրջ 20 միլիոն պատկեր, եւ ամեն ամիս դրանց թիվն աճում է շուրջ 250,000-ով: