Այսօր, Սիմոն Վրացյան կենտրոնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ:

ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:

Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերադույն մարմնի նոր կազմը,   մասնավորապես ընդգծեց իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մտահոգություններն ու  գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայամանությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդծեց նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերներն, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը:

ՀՅԴ ԳՄ անդամ Լ. Գալստյանը մասնավորապես անդրադարձավ երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորեց Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:

Դեսպան Լինսին շեշտեց, որ  Միացյալ Նահանգները շարունակելու են հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց հանձնառությանը:  Նա նաև հայտնեց, որ մոտիկից հեևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու են գերիների վերադարձման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները: