Այսօր Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հանդիպել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների գլխավոր դատախազների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանական Հանրապետության գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության՝ Գիզաթ Նուրդաուլետովը, Ղրղզստանի Հանրապետության՝ Կուրմանկուլ Զուլուշեւը, Տաջիկստանի Հանրապետության՝ Յուսուֆ Ռահմոնը եւ Ուզբեկստանի Հանրապետության՝ Նիգմաթիլա Յուլդաշեւը։

Ողջունելով գործընկերներին՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազն ընդգծել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների դատախազությունների մարմինների առջեւ կանգնած խնդիրների ընդհանրությունը թելադրում է ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը, այդ թվում տարբեր միջազգային համաժողովների շրջանակում։

Իգոր Կրասնովը համոզմունք է հայտնել, որ «հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի Համագործակցության անվտանգ տարածքի կառուցմանը»։

Միջոցառման ավարտին Ռուսաստանի գլխավոր դատախազը հրավիրել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին մասնակցելու Ռուսաստանի դատախազության համար նշանային իրադարձության՝ կազմավորման 300-ամյակի հանդիսությանը, որը նշվելու է 2022թ. հունվարի 12-ին։