Եվրամիությունը ողջունում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը` Սիրիա մարդասիրական օգնության առաքման անդրսահմանային մեխանիզմի գործողության երկարաձգման մասին, հաղորդում է DW-ն:

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2585 (2021) բանաձեւի միաձայն ընդունումը ուրախալի նորություն է»,- ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գործերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի եւ ճգնաժամային կառավարման ու հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ հուլիսի 10-ին։

Փաստաթղթում նշվում է, որ ՄԱԿ-ի կողմից Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ Բաբ-ալ-Հավա սահմանային կետն օգտագործելու հնարավորությունը նախ վեց ամիս, իսկ հետո, եթե որոշակի պայմաններ բավարարվեն՝ եւս վեց ամիս, նշանակում է «զգալի օգնություն միլիոնավոր սիրիացիների համար», քանի որ այս մեխանիզմի միջոցով առաքվող մարդասիրական օգնությունն անհրաժեշտ է նրանց գոյատեւման համար: Բորելը եւ Լենարչիչը նշում են, որ անդրսահմանային օգնության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը չունի համարժեք այլընտրանք Սիրիայում աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար: