Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը բողոքում է, որ նախարարությունը մտադիր է թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ Տնօրենը նախարարության նախաձեռնությունը անձնակազմին է ներկայացրել օրեր առաջ՝ հուլիսի 3-ին։

Որպես պարզաբանում նշվել է, որ թատրոնի աշխատակազմի համար պայմաններ են բարելավում։ Անձնակազմը, սակայն, կարծում է՝ իրական դրդապատճառներն այլ են եւ այդ գործընթացն ի վերջո տանելու է թատրոնի լուծարմանը։

«Նախարարությունը չի ուզում իր ձեռքերը սևացնել կրճատման առումով և այդ գործընթացն ուզում է դնել Պարոնյանի թատրոնի վրա։ Այսինքն՝ Պարոնյանի թատրոնը ստանում է մի ամբողջ 60 հոգի մարդ, որոնց ճակատագիրը պետք է ինքը որոշի։ Նախարարությունը Պարոնյանի թատրոնի ձեռքերով ուզում է անել այդ սև աշխատանքը և աստիճանաբար կրճատել մեր ամբողջ թատրոնը, որի հետևանքով 60 հոգի կմնան առանց աշխատանքի։ Իրենց ուղղակի խանգարում է այս թատրոնը։ Ինչ պատճառներով է խանգարում, դեռ չեմ կարող փակագծերը բացել։ Բայց անհամատեղելի են թատրոնները՝ խաղացանկերով, ձեւաչափերով։ Ոչ միայն դերասաններն են զրկվում ապրուստից, այլ նաև տեխնիկական և սպասարկող անձնակազմը, ընդհանրապես կորում է մի թատրոն»,–  NEWS.am-ի հետ զրույցում նշեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Սամսոն Ստեփանյանի խոսքով՝ այդ կերպ հարված է հասցվում մշակույթին։ 

«Աբովյան քաղաքից մինչև մեզ մոտ չկա ոչ մի թատրոն։ Միակ թատրոնը սա է, սա քաղաքի վերջին թատրոնն է։ Հիմա այս թատրոնը փակում ենք, չկա. մեր թատրոնն ունի արդեն որոշակի հանդիսատես, այսինքն՝ մարդիկ, որոնք ապրում են այս շրջապատում, ունեն այս թատրոնը, այս թատրոնի հանդիսատեսն են։ Ոչ միայն մարդկանց զրկում են աշխատանքից, մենք հասարակությանը զրկում ենք թատրոնից։ Ես սա համարում եմ հակապետական գործողություն, սաբոտաժ. մի ժամանակ դրա համար գնդակահարում էին։ Թող մեր աչքերին թոզ չփչեն, մի հատ թող նայեն այս հարցին մյուս կողմից։ Ո՞ւմ եք զրկում ինչից. մեզ զրկո՞ւմ եք աշխատանքից, թքած, մենք աշխատանք կգտնենք, բայց դուք հասարակությանը զրկում եք թատրոնից։ Շատ մանուկներ սովորել են այս թատրոնին, մենք ունենք մանկական ներկայացումներ, պատանիների ներկայացումներ, ունենք մեծահասակների ներկայացումներ. այդ մարդկանց դուք զրկում եք թատրոնի հետ հաղորդակցվելուց»,– ասաց նա։

Եթե վերջնական որոշում կայացվի, թատրոնի անձնակազմն ասում է, որ կտրուկ միջոցների կդիմեն։

 «Մենք դա կանենք շա անսպասելի և ցավոտ կոնկրետ անձանց համար։ Մենք նրանց երկրորդ քայլի շանս ենք տալիս, թող մտածեն»,– նշեց ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։