Մեր դիմումի հիմքում դրված փաստարկները մեզ համար շարունակում են մնալ ակտուալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՍԴ-ում «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Այսինքն մենք չենք ստացել այնպիսի պատասխաններ, որոնք մեզ մոտ կառաջացնեին այլ տեսակետ: Հակառակը, գնալով համոզվում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Իսկ թե ՍԴ-ն այդպիսի որոշում կկայացնի, թե ոչ, կերեւա ավարտից հետո:

Մենք հիմնականում մեծ շեշտադրումը կատարել ենք ազատ եւ հավասար ընտրական իրավունքի խախտումների վրա: Մեր կարծիքով դրանք մեծ ազդեցություն են թողել: Եթե այսպես պար դիտարկենք, ապա ունենք հետեւյալ իրավիճակը. ԿԸՀ-ն նախկինում նույն կազմով օրինակ 2018-ին, կրկին ամփոփել է ընտրության արդյունքները եւ որոշում է կայացրել: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, փաստորեն ԿԸՀ նույն կազմը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնները:

2018-ին նոր կառավարությունն իր ծրագրում նշել է, որ նախկինում եղել են ընտրախախտումներ եւ ժողովրդի ազատ ընտրական իրավունքը չի իրացվել, այս պայմաններում մեզ համար առնվազն տարօրինակ է, որ  նույն ԿԸՀ-ն կազմակերպումէ  2021-ի ընտրությունները:

Այսինքն կամ նախկինում որեւէ կեղծիք, խախտում չի եղել, կամ էլ նախկինում եղել է եւ հիմա էլ շարունակվում է»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նման բռնության կոչերով հաստատ կարող էր ազդել առաջին շրջանի թիրախային անձանց՝ հանրային ծառայողների վրա, որոնց թիվը փոքր չէ. «Այսինքն մարդը կարող է մտածել, որ եթե Նիկոլ Փաշինյանն այսպիսի ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս, ապա եթե ինքը չընտրի այդ քաղաքական ուժին, կարող է խնդիրներ ունենալ: Մենք այսօր տեսնում ենք, որ այդ խոստումները շարունակում են կյանքի կոչվել: Մենք տեսնում ենք, որոշ համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ, քրեական գործեր: Պարզ է չէ՞, որ հանրային ծառայողը հանգիստ կմտահոգվեր: Մեր կարծիքով դա ազդել է ընտրությունների արդյունքների արդյունքների վրա: