«Կապույտ մուրճի» մասին Փաշինյանի խոսքերը պետք է ընկալել որպես հոգատարություն ընտրողների իրավունքի համար, դատախազությունը որեւէ ագրեսի կամ խախտում չի տեսնում: Այս մասին ՍԴ նիստում հայտարարեցին դատախազության ներկայացուցիչներ Բիշարյանն ու Հովհաննիսյանը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ուսումնասիրվել է Փաշինյանի անձը: «Դրա անհրաժեշտությունը չկար»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երկրորդ եւ երրորդ նախագահները եւս նման հայտարարություններ են իրենց թույլ տվել: Խոսքը, նրա պնդմամբ, ոչ թե անձի, այլ ելույթի ժամանակ կարգավիճակի մասին է: «Երկու դեպքում հետաքրքիր իրավիճակ է: Եթե խոսքը կարգավիճակի մասին է, ապա նա պաշտոնյա է»,-զարմանք հայտնեց Վարդեւանյանը: Շարունակելով միտքը՝ նա հիշեցրեց «կապույտ մուրճի» մասին, որով Փաշինյանը խոստանում էր «գլուխ ջարդել»:

«Անհրաժեշտություն չկա մանրամասնել այդ բոլոր հայտարարությունները»,-նշեց Հովհաննիսյանը:

Վերադառնալով անձի ուսումնասիրությանը՝ Վարդեւանյանը հիշեցրեց, որ Փաշինյանը մարդ է, ով դատապարտվել է բռնության համար: Անցնելով Փաշինյանի՝ «կապույտ մուրճով» «գլուխ ջարդելու» խոստմանը՝ Վարդեւանյանը հիշեցրեց, որ ենթատեքստը, որի մասին խոսում է դատախազը, ենթադրում է Զանգեզուրի կոմբինատի տնօրինության հերքում: «Արդյո՞ք գործ կա տնօրինության նկատմամբ»,-ուղիղ հարցրեց Վարդեւանյանը, ինչին Հովհաննիսյանը պատասխանեց Փաշինյանի մեջբերմամբ. «Կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»: Եվ որտե՞ղ է այստեղ բռնության կոչ, ուզում եմ հասկանալ»,-անվրդով ասաց Հովհաննիսյանը: Նա կրկնեց իր գործընկերոջ խոսքն այն մասին, որ մուրճը օրինականության նշան է: «Նման հայտարարությունները պետք չէ ընկալել որպես բռնության կոչ: Դա ընտրողների իրավունքների պաշտպանություն է»,-ասաց Հովհաննիսյանը: