Դատարանի որոշմամբ Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։

Նա նշեց, որ դատարանը Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։

Նա տեղափոխվել է Գորիսի ՔԿՀ։

Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։

Ըստ նախաքննական մարմնի՝ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաեւ Գորիս համայնքի ղեկավարը, եւ առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա որոշ քաղաքացիների հայտնել է՝ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: