Հայաստանի պետական սահմանների հետ կապված հարցերը զարգանում են միանգամայն ոչ ճիշտ ուղղությամբ։ Այս մասին հուլիսի 13-ին մամուլի ասուլիսում ասել է հանրապետության օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Բոլոր հարցերը, նրա խոսքով, ներառված են ռազմական եւ քաղաքական բաղադրիչում, իսկ մարդու իրավունքների հետ կապված հարցերը լիովին անտեսվում են։

Թաթոյանն ընդգծել է, որ ցանկացած երկրի պետական սահմանները որոշելիս կարեւորագույն հարցերից մեկը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանվածության աստիճանն է, ինչպես նաեւ նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների առկայությունը։

«Մեր պարագայում ռազմական եւ քաղաքական բաղադրիչի պատճառով  պետությունն ինքն իրեն դրել է ինչ-որ սահմանափակիչ շրջանակների մեջ։ Ստացվում է, որ այդ պատճառով սկսել է զարգանալ վտանգավոր թեզ այն մասին, որ մարդու իրավունքները եւ անվտանգությունը  գտնվում են հակասության մեջ։ Այո, մեր սահմաններին ապրող քաղաքացիների իրավունքների խախտումներ կատարվում են ադրբեջանցի զինծառայողների կողմից, բայց Հայաստանը պարտավոր է պաշտպանել նրանց, քանի որ նրանց առջեւ պարտավորություններ ունի։ Պետությունը պետք է դիտարկի բոլոր հարցերը՝ կապված սահմանների հետ, այդ թվում եւ մարդու իրավունքների տեսանկյունից։ Այս դեպքում հայկական կողմի դիրքերը խնդրի քննարկման ընթացքում տարբեր միջազգային հարթակներում կուժեղանան»,- պարզաբանել է Թաթոյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ պետության ներսում պետք է կազմակերպվի համապատասխան քաղաքականություն, որը պետք է իրականացնեն պետական մարմինները։ Այս առնչությամբ նա մի վառ օրինակ բերեց։ Այսպես, նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքներից մեկի ղեկավարը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ համայնքի բնակիչները որեւէ խնդիր չունեն ադրբեջանական զինծառայողների հետ կապված, քանի որ փորձում են նրանցից հեռու մնալ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ադրբեջանցի զինվորականները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ գրավելով խոտհարքներն ու արոտավայրերը, որտեղ այդ համայնքի բնակիչներն առաջ գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում։ Նման հայտարարությունն օմբուդսմենն անընդունելի համարեց։

«Ինչպե՞ս կարող է նման բան ասել վարչական շրջանի ղեկավարը, երբ ես ինքս եղել եմ այնտեղ, իսկ ադրբեջանցի զինծառայողներն անմիջական հարեւանությամբ են գտնվում՝ տեղավորվելով արոտավայրերում։ Դրա պատճառով բնակիչները չեն կարողանում օգտվել այդ արոտավայրերից։ Հիմա, դրանից հետո, որքան էլ որ ես խոսեմ միջազգային ատյաններում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողները խախտում են մեր իրավունքները, նրանք իմ առջեւ կդնեն այդ մարդու հայտարարությունը եւ կասեն՝ էս ի՞նչ եք ասում»,- ասել է Թաթոյանը։

Օմբուդսմենի կարծիքով՝ նման պաշտոնյաների ու համայնքապետերի հանդեպ անհրաժեշտ է քրեական գործեր հարուցել, քանի որ նրանք լուրջ վնաս են հասցնում քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործընթացին։

Նա նաեւ կարծում է, որ Ադրբեջանին ձեռնտու է քննարկել սահմանի հարցերը՝ առաջնորդվելով միայն ռազմաքաղաքական բաղադրիչով, հաշվի չառնելով մարդու իրավունքները, քանի որ հայկական կողմն ունի ընդլայնված բազա, որում հավաքված են ոլորտում խախտումների բազմաթիվ փաստեր։

«Հայաստանը ՄԱԿ մարդու իրավունքների Խորհրդի անդամ է։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզ իրավիճակը Հայաստանի սահմանին դրվի քննարկման այդ կառույցում, որպեսզի այնտեղ նշանակվեն հատուկ զեկուցողներ, որոնք տեղում կծանոթանան իրավիճակին ու կպատրաստեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- նշել է երկրի գլխավոր իրավապաշտպանը։

Նա նորից առաջարկեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ադրբեջանցի զինծառայողներին Հաաստանի ինքնիշխան տարածքից դուրս քշելու համար։ Թաթոյանն ընդգծեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ներխուժման հետեւանքով արդեն մի քանի ամիս խախտվում են սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքները Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում։ Մասնավորապես, խախտվում են քաղաքացիների սեփականության, տեղաշարժի, կյանքի անձեռնմխելիության, ջրային ռեսուրսներից օգտվելու եւ այլ իրավունքները։